Страницы

среда, 20 мая 2020 г.

Չարենցի սիրածներ

Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թե ստեղծագործական աշխարհում:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա Վերա Ռուսկիի հետ: Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:
Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:
Համատեղ անցկացրած մի քանի մեկուսիչ շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:
Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշակի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները։ Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է:
Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:
Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:
Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է քեֆի:
Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը:
Իզաբելլա Չարենցը կարողացրել էր խորհրդային կարգադրիչներից թաքցնել ոչ միայն ամուսնու ձեռագրերը, այլև նրա առաջին կնոջ՝ Արփենիկ Չարենցի իրերը, որոնք պահվում էին նրանց տանը։
Այդ իրերը Եղիշե Չարենցն այրել չէր հասցրել։ Իսկ Իզաբելլան, որն այդպես էլ Արփենիկի պես չսիրվեց Չարենցից, ամենաակնհայտ պատճառներն ուներ Արփենիկի իրերը եթե չայրելու, ապա գոնե չպահելու համար, բայց պահպանել էր դրանք։
Չարենցի կյանքում եղել են նաև ուրիշ կանայք, սակայն մեկ հարկի տակ նա ապրել է միայն երկու կնոջ հետ՝ Արփենիկ Տեր–Աստվածատրյանի և Իզաբելլա Կոդաբաշյանի: Երկու կանանց նա հանդիպել է տասը տարվա տարբերությամբ, կանանց տարիքային տարբերությունը նույնպես տասը տարի էր։
Չարենցը տարբեր կերպ էր վերաբերվում իր կյանքի գլխավոր կանանց։ Արփենիկի հետ տարիքային տարբերություն գրեթե չունեին, նրանք սիրեցյալներ լինելուց առաջ լավ ընկերներ էին, գրական գործընկերներ, միմյանց հետ ճամփորդում էին, ապրում ամենաաղքատիկ տներում ու քննարկում ամեն ինչ։ Իզաբելլան Չարենցի համար ընտանիք կազմելու լավ տարբերակ էր, որին նա անվերջ հարգում էր, փայփայում, սովորեցնում հայերեն խոսել և դստեր պես պաշտպանում։ Իսկ երբ տղամարդը կնոջը հոր աչքով է նայում, չի կարող նրա համար խելքահան լինել։
Իզաբելլան Չարենցի ամուսնության առաջարկին «այո» ասելու համար ընդամենը երեք օր ժամանակ ուներ։ Աղջիկը 22 տարեկան էր, Մոսկվայից առաջին անգամ էր եկել Երևան։ Նրա ու Չարենցի ծանոթության առաջին երկխոսությունը հետևյալն է լինում.
– Դուք գրո՞ղ եք։ Շատ հաճելի է։ Ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ գրականություն չգիտեմ։
– Դե ոչինչ։ Ես Ձեզ կսովորեցնեմ հայ գրականությունը։
Նույն օրը Չարենցն ուղեկցում է Իզաբելլային տուն, հաջորդ օրը հրավիրում օպերա դիտելու, մի քանի ժամադրությունից հետո էլ ասում.
«Դուք համեստ, լավ աղջիկ եք։ Իմ կինը վախճանվել է չորս տարի առաջ, նրանից հետո ես ընտանիք չունեմ։ Ես այնքան եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին, որպիսին Դուք եք։ Միայն Դուք ինձ պետք է պատասխան տաք` այո կամ ոչ։ Ես ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ և դատարկ ժամանակ վատնեմ»։
Իզաբելլան երեք օր է խնդրում Չարենցից, այդ ընթացքում մտածում է` հանճարեղ խելքի տեր մարդը չի կարող վատը լինել և համաձայնում է ամուսնանալ Չարենցի հետ։ Գրողը գոհ ժպտում է և ասում.
«Վաղը ժամը 12-ին Պետհրատ արի, միասին կգնանք ԶԱԳՍ»։
Չարենցները երկու դուստր են ունենում` Արփենիկն ու Անահիտը։ Իզաբելլան Չարենցի աչքում ևս մեկ «կոչում» է ունենում` «երեխաների մայր», այդպես էլ չդառնալով նրա «սրտի տիրուհին»։ Իզաբելլան չէր կարող չնեղսրտել դրա պատճառով, թեև երբեք չէր բարձրաձայնում այդ մասին։ Ժամանակակիցները հիշում են, որ Արփենիկի կավե դիմապատկերը Չարենցը հանել էր հյուրասենյակից` նկատելով, որ Իզաբելլան խուսափում է սենյակ մտնել։ Բայց գրական աշխարհում պոետը խմբագրումներ չկատարեց։
Արփենիկը մինչև գրողի կյանքի վերջ մնում է նրա «մեծ սերը»։ Իսկ Իզաբելլային բանտից ուղարկած իր վերջին նամակում Չարենցը դիմում է «հարազատս»–ով` պահանջելով, որ ամուր լինի ու պաշտպանի իր երեխաներին։
Աղբյուրներ՝henaran.amarmeniasputnik.am

Комментариев нет:

Отправить комментарий