Страницы

среда, 20 мая 2020 г.

Մերոնք

Հայ բիբլիական ժողովրդի համար մայիսը առանձնակի խորհուրդ ունի։ Մայիսը դարձել է պատմական հաղթանակների և բախտորոշ իրադարձությունների արձանագրողը։ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ մայիսի 8-ը Հայաստանում նշվում է որպես Երկրապահի օր, իսկ մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն։
Այսպիսով, մայիսի 8-ին և 9-ին հայ ժողովուրդը նշում է չորս տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը։ Հայրենական պատերազմի տարիներին հայ ժողովուրդն արժանի ներդրում ունեցավ Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 116 հայ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ և 5 մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Սերգեյ Ագանովը (Օհանյան), Իվան Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան)։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին, հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, Արցախյան գոյապայքարի ընթացքում անջատ գործող ինքնապաշտպանական ռազմական միավորումները միավորվեցին և ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակը:
Մայիսյան հաղթանակներ
Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:
Շուշիի ազատագրումը
1992 թ․ մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարում։ Շուշիի ազատագրման գործում իր ողջ ուժով դրսևորվեց հայ ժողովրդի հաղթական և մարտնչող ոգին։ Քաղաքի ազատագրման գործողությունների ծրագրի կազմման և իրագործման պատասխանատվությունը ստանձնեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նրա կողքին էին սպարապետ Վազգեն Սարգսյանը, գեներալ Գուրգեն Դալիբալթյանը, շտաբի պետ Ֆելիքս Գզօղլյանը։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս):
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը:
Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն. ալեկոծել է հողագնդով մեկ ցրված ողջ հայությանը, առիթ տվել խորհելու ազգային շահերի միասնականության ու ընդհանրության մասին, վերադարձրել կամքի ազատ արտահայտման ու ինքնորոշման իր անկապտելի իրավունքները պաշտպանելու հնարավորության հավատը: Շուշիի հաղթանակը համաշխարհային հասարակայնության համար նույնպես բացահայտել է արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման և հաղթանակի օր:

Комментариев нет:

Отправить комментарий