Страницы

среда, 20 мая 2020 г.

Չարենց և Արփենիկ

Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:
Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին: 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:
Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի:
1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:
Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը:
Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։
Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։
Այդ օրերին էր Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»:
1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.
«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Комментариев нет:

Отправить комментарий