Страницы

среда, 12 мая 2021 г.

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

 Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գավալ թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։
Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան) պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

1896 թվականի հունվարի 26-ին գործին միջամտել են մեծ տերությունները։ Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։ Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր։ Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից։

Комментариев нет:

Отправить комментарий