Страницы

среда, 15 декабря 2021 г.

Մեսրոպ Մաշտոցը

 Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: 

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն և տիրապետել՝ հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։

Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
  2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
  3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
  4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

387 թ. կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։

Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

Комментариев нет:

Отправить комментарий