Страницы

среда, 15 декабря 2021 г.

Ալեքսանդր Շիրվանզադե․ Քաոս

 Ի՞նչ է մեր կյանքը, եթե նրանում չկա գոնե մի փոքր քաոս։

Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ը կարդալուց հետո, շատերը միգուցե փոխեն իրենց կարծիքը կյանքը ապրելու մասին, շատերը թքած կունենան և կշարունակեն ապրել նույն ձևով, իսկ շատերն էլ ուղղակի դասեր կքաղեն։

Սկիզբը կարդալով ես ձանձրացա և կարծեցի, թե չեմ կարողանա ավարտել  այս վեպը, բայց իրադարձությունների ընթացքը շատ արագ փոխեց իմ միտքը և գիրքը կլանեց ինձ, տարավ դեպի իր աշխարհ, որտեղ կար և՜ լավը, և՜ վատը, և՜ չարը, և՜ բարին, և՜ աղքատները, և՜ հարուստները։

Ես Շուշանիկի պես սկզբից հիանում էի Սմբատով և չէի հասկանում մնացած հերոսների պահվածքը, վարվելաձևը և նրանց ատելությունը։ Արդեն գրքի վերջում Միքայելը՝ Սմբատի եղբայրը, ինձ հիացրեց իր արարքներով և խոսքերով։ Այն ինչ արեց Սմբատը վերջում անկեղծ ինձ ապշեցրեց, և ես հիասթափվեցի նրանից։

Կարդալով «Քաոս»-ը կարելի քաղել շատ դասեր։ Ես կներկայացնեմ դրանցից մի քանիսը, որոնք ամենակարևորն էին ինձ համար։

Առաջինը կլինի հասարակության կարծիքը արհամարհելը։ Իրոք որ ու՞մ է պետք ուրիշի կարծիքը։ Սմբատը արդեն գիտեր, թե ինչ էր խոսում իր մասին հասարակությունը, երբ նա վերադարձավ քաղաք, սակայն նա թքած ուներ, նույնն էլ Անտոնիա Իվանովնան, բայց նրա համար դա դժվարին գործ էր։ Միքայելը, երբ որոշեց փոխվել և գնալ ճիշտ ուղու ճանապարհով, հասկացավ, որ հասարակությունը այդքան էլ մեծ դեր չի խաղում իր կյանքում։ Մեզանից շատերը միշտ մի բան անելիս երկմտում են, քանի որ վախենում են հասարակության կարծիքից։ Ինձ համար հասարակության կարծիքը կարևոր չէ, քանի որ նրանք չեն ապրում իմ կյանքով և նրանք չեն տեսնում, թե ինչ է կատարվում իմ կյանքում։ Ինչպես ասում են՝ հեշտ է կողքից դատելը, բայց ինչպե՞ս կվարվեին նրանք ուրիշ մարդկանց  փոխարեն։

Երկրորդ դասը, որ ես քաղեցի և հիացա դրանով, այն էր, որ մարդ կարող է փոխվել, դառնալ անճանաչելի, եթե շատ ցանկանա։ Իհարկե ես խոսում եմ Միքայելի կերպարի առաջխաղացման մասին։ Վեպի սկզբում  նա վատնում էր հոր փողերը, թքած ուներ նրա կտակի վրա և «վայելում» էր երիտասարդական կյանքը։ Սակայն, երբ հանդիպեց Շուշանիկի հպարտությանը և համառությանը, կարծես կոտրվեց նրա «ես»-ը։ Նա դարձավ անճանաչելի, լրիվ մի նոր մարդ։ Սա ցույց է տալիս, որ որքան էլ մարդ «փչացած» լինի, միևնույն է կարող է փոխվել, եթե ցանկությունը մեծ լինի։

Եվ երրորդը՝ հպարտությունը, ինչ էլ որ պատահի։ Այստեղ, իհարկե, կխոսեմ Շուշանիկի մասին՝ այդ անմեղ, գեղեցիկ, հպարտ և համառ աղջկա՝ այն աղջկա, ով կարողացավ անել այն ինչ ուրիշները տարիներով չէին կարողացել՝ փոխել մի մարդու, ով արդեն անհույս էր։ Շուշանիկի կերպարը ցույց է տալիս, որ կապ չունի, թե դու ինչ ընտանիքից ես գալիս, թե ինչ կացության մեջ ես, թե ինչպես ես ապրում և, թե ինչ տանջանքներ ես կրում։ Նա միևնույն է մինչև վերջին պահը մնաց հպարտ և չդավաճանեց իր սկզբունքներին։

«Քաոս» վեպը արդի է բոլոր ժամանակներում։ Այն սովորեցնում է և ցուցադրում կյանքի տարբեր դրվագներ։ Այս վեպից միայն կարելի է քաղել դասեր։

Комментариев нет:

Отправить комментарий