Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝
- Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
- Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։
Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր:
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝
- Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
- Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
- Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։
Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը:
Комментариев нет:
Отправить комментарий